Հայկական առանձին ավիախմբի 2 վթարները 1 տարում․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «1956-ի օգոստոսից մինչեւ 1957-ի օգոստոս Հայկական առանձին ավիախումբը 2 պատահարի հետեւանքով մեկական ինքնաթիռ եւ ուղղաթիռ կորցրեց, բայց զոհեր, բարեբախտաբար, չեղան:
1956 թ. օգոստոսի 31-ին վթարի ենթարկվեց ավիախմբի «Իլ-12» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-Л1414): Պատահարի մասին շատ բան հայտնի չէ, բայց արձանագրվել է, որ օդանավը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի պատճառով դրա իրանը մեծապես վնասվել է: Անձնակազմի եւ ուղեւորների մասին տվյալներ չկան, սակայն զոհեր չեն եղել: Վթարից գրեթե մեկ տարի անց՝ 1957-ի հունիսին, ինքնաթիռը դուրս բերվեց օդանավերի ռեեստրից:
Այդպիսով՝ 1947-ին թողարկված բորտը շահագործվեց գրեթե 10 տարի կամ 8212 ժամ: Ըստ առկա տեղեկությունների՝ СССР-Л1414-ը 32 ուղեւորի համար նախատեսված «Իլ-12Պ» տիպի ինքնաթիռ էր: Մինչեւ Հայաստան տեղափոխվելն այն շահագործվել էր Վրաստանում, իսկ մեր երկրում միացել էր Հայկական առանձին ավիախմբի 35-րդ ավիաէսկադրիլիային:
Հետաքրքիր է, որ օդանավը հայտնվել է խորհրդային «Պատվի դատ» ֆիլմի (1948 թ.) մի դրվագում՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարելիս»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։