Մենք պիտի պատրաստվենք հարձակվողական մարտերի․Վովա Վարդանով

Հետախույզ Վովա Վարդանովը կարծում է՝ երբ հայոց բանակի մասին խոսում են, սովորաբար, մեծամասամբ առաջին հերթին խոսում են բանակի թերությունների մասին։ «Բայց երբ մեկի ծնունդն է լինում, ավելի շատ նրա դրական կողմերի մասին են չէ՞ խոսում»,- Fnews.am-ի հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը։
Ըստ նրա՝ մեր բանակը միայն մի վատ կողմ ունի՝ այն պատրաստվում է պաշտպանական մարտերի, իսկ մնացած վատ կողմերը հենց սրա հետևանքներն են։ «Մենք պիտի պատրաստվենք հարձակվողական մարտերի, որովհետև պաշպանողական մարտերի համար ընդամենը հերոսություն կամ համառություն է պետք, ինչպես նաև մինիմալ ռազմական գիտելիքներ․ այսքանը։
Իսկ ահա հարձակվողական գործողությունների համար շատ աշխատանքներ պիտի տարվեն․ տղաները պիտի սովորեն քայլել, գրոհել, դինամիկայի ժամանակ աջ ու ձախ զգալ․․․ կարճ ասած՝ դա մի քիչ ավելի ծանր աշխատանք է, որը կբերի ավելի հուսալի ու խաղաղ պայմանագրի կամ էլ խաղաղ իրավիճակի՝ առանց պայմանագրի»,-ասաց Վարդանովը։ Վերջինս շեշտեց՝ հայոց բանակով, միանաշանակ, կարելի է հպարտանալ։«Կարող ենք հպարտանալ մեր բանակով նրա համար, որ ռուսասովետական բանակի սիստեմով ստեղծված մեր բանակը, որը չի համապատասխանում հայկական մտածելակերպին, հոգեկերտվածքին, այդուամենայնիվ, կարողացավ դրական արդյունքեր գրանցել թե՛ մարտական իրավիճակում, թե՛ սահմանն անսասան պահելու հարցում։ Մեր բանակին չհամապատասխանող է այս սիստեմը, մեր ուղեղին ու հնարավարություններին ևս չի համապատասխանում, բայց այդքանով հանդերձ՝կարողացանք հաջողությունների հասնել։ Մինչև այսօր ռուս-ճապոնական պատերազմի արդյունքում ստեղծված, ռուսական բանակի սիստեմով է կառուցված մեր բանակը»,-ասաց Վարդանովը։
Զրույցի վերջում Վովա Վարդանովը նշեց՝ հայոց բանակի օրվա առթին ուզում է ջերմորեն շնորհավորել հատկապես մեր քաջարի զինվորներին։ «Տղե՛րք ջան, անփորձանք տուն եկեք։ Իսկ ինչ վերաբերում է մեր հասարակությանը, ապա պիտի ասեմ՝ իմ թանկագի՛ն հայրենակիցներ, բանակի տղաները երեխա չեն․ իրենք արդեն տղամարդ են ու պաշտպանում են մեր հայրենիքը․ համապատասխան վերաբերմունք ցուցաբերե՛ք», - նշեց Վովա Վարդանովը։