Եթե Հայաստանում ապրանքների գներն անգամ 1000 տոկոսով բարձրանան, հասարակությունը տեղից չի շարժվելու. տնտեսագետ.news.am

Եթե Հայաստանում ապրանքների գներն անգամ 1000 տոկոսով բարձրանան, հասարակությունը տեղից չի շարժվելու։ քաղաքականություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով այս տարվա հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով վառելիքաէներգետիկ ապրանքների գները բարձրացմանը։
Նրա խոսքով, դա հասարակության լայն խավերի վրա դա բացասաբար կանդրադառնա, նրանց կենսամակարդակը կընկնի. «Նաեւ կթանկանան բոլոր այն ապրանքների գները, որոնք արտադրվում են Հայաստանում եւ որոնց արտադրության մեջ օգտագործվում են վառելիքային ռեսուրսներ։ Այսինքն գների տոտալ բարձրացման հետ ենք գործ ունենալու»։
Այսինքն, ըստ Զոյա Թադեւոսյանի, հասարակությունը կտուժի ոչ միայն բենզինի ու գազի գների բարձրացման հետեւանքով, այլեւ մնացած ապրանքների գները եւս կբարձրանան՝ կապված վառելիքի թանկացման հետ
Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա սոցիալական բողոքի ալիք բարձրացնի Հայաստանում տնտեսագետը պատասխանեց. «Եթե Հայաստանում ապրանքների գներն անգամ 1000 տոկոսով բարձրանան, հասարակությունը տեղից չի շարժվելու։ Մեր ժողովուրդը բողոքել չի սիրում, տրտնջալ է սիրում փակ դռների հետեւում, սեղանների շուրջ, բայց փողոց դուրս չի գա։ Հայաստանում երբեք սոցիալական բունտ չսպասեք, մեր ժողովուրդը դրան ունակ չէ»։
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը խոստացել է, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կհասնի 4 մլն-ի, մինչդեռ այսօր արտագաղթը շարունակվում է, գներն աճում են, աշխատավարձերը չեն ավելանում, աշխատատեղեր չեն ստեղծվում, տնտեսագետն արձագանքեց. «Հասարակ մարդիկ իրավունք ունեն հույսով առաջնորդվել, բայց երկրի ղեկավարը հույսով առաջնորդվելու իրավունք չունի։ Նա պետք է լինի իրավիճակը ճիշտ գնահատող, պրագմատիկ, բոլոր հանգամանքները հաշվի առնող, նոր դրա հիման վրա եզրակացություններ անի։ Բայց եթե նա դեռեւս հույս դնելու վիճակի մեջ է, իհարկե, դա չի կարելի համարել ճիշտ մոտեցում։ Գնահատականն էլ ճիշտ չէ։ Մեր բնակչությունը երբեք չի կարող ավելանալ, եթե տարեցտարի շուրջ 50 հազար մարդ արտագաղթում է։ Միգրացիայի մնացորդը Հայաստանում բացասական է, եւ դրա արդյունքում ավելի արագ տեմպերով կնվազի բնակչությունը, քան թե կավելանա։ Որպեսզի գործող նախագահի ասածը թեկուզ փոքր ինչ ճշմարտություն պարունակեր, պետք է առնվազն դրական միգրացիա ունենայինք։ Թող դա չլիներ 50 հազար, թող լիներ տարեկան 10 հազար, հաջորդ տարի՝ 20 հազար եւ գնալով ավելանար։ Իրականում Սերժ Սարգսյանն այդ միտքը հայտնել է հասարակությանը զբաղեցնելու, սպասումներ առաջացնելու համար, ոչ ավելին»։
Մանրամասն ՝ սկզբնաղբյուր կայքում