Ռուսական հսկաների հայկական մտահոգությունը. Փաշինյան-Պուտին որոշումը
lragir.am-ը գրում է․ «Ռուսական Ռոսնեֆտ ընկերությունը հայտարարություն է արել իր փոխնախագահ, հեռուստատեսային մեկնաբան Միխայիլ Լեոնտեւի հայտարարությունների կապակցությամբ, որոնք հնչել էին Կոմսոմոլսկայա Պրավդա պարբերականի եթերում: Լեոնտեւը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արել էր վիրավորական, քամահրական արտահայտություններ:
Ռոսնեֆտ ընկերությունը հայտարարել է, որ Լեոնտեւի դիրքորոշումը որեւէ ընդհանուր բան չունի Հայաստանի հետ գործակցության մասով ընկերության դիրքորոշման հետ:Ռուսաստանում վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումները բնորոշվում են նաեւ երկու հսկաների՝ Գազպրոմի եւ Ռոսնեֆտի ազդեցության համար պայքարով: Այդ պայքարը ուղղակի թե անուղղակի պետք է տարածվեր թերեւս նաեւ Հայաստանի վրա, որտեղ ներկայացված են թե Գազպրոմը, թե Ռոսնեֆտը՝ մեկը գազի եւ էներգետիկայի, մյուսը վառելիքի շուկայում, մենաշնորհային կամ գերիշխող կարգավիճակներով:Թե Գազպրոմը, թե փաստորեն Ռոսնեֆտը հայկական իրադարձությունների «հակահերոսներ» դարձան: Գազպրոմին այդ հարցում «օգնեց» Կարեն Կարապետյանը, ապրիլի 25-ին դրսեւորած քաղաքական խիստ անհամարժեքությամբ, իսկ Ռոսնեֆտին փաստորեն «օգնեց» հակահերոս դառնալ իր փոխնախագահ Լեոնտեւը:
Ռոսնեֆտը սակայն փորձում է Հայաստանի հասարակությանը հավաստիացնել, որ հակահերոս չէ եւ Լեոնտեւը չի արտահայտում ընկերության դիրքորոշումը Հայաստանի հետ գործակցության մասով:Հայաստանում տեղի ունեցած վերափոխումները չունեն արտաքին քաղաքական օրակարգ, առավել եւս վեկտորի վերանայման խնդիր: Սակայն կա խնդիր Հայաստանի տնտեսությունում ռուսական կորպորացիաների վարքագծի, ներկայացվածության մասշտաբի, խաղի կանոնների եւ այդ ամենի տնտեսա-քաղաքական ազդեցության հետ:Այդ իմաստով, ռուսական պետական կորպորացիաների հայաստանյան գործունեությունը տեղավորվել է Հայաստանում իշխող համակարգի տրամաբանության, այդ համակարգում հարաբերությունների արատավոր կարգավորումների շրջանակում:Ներկայում, երբ նոր իշխանությունը կամ նորացող, փոխվող իշխանությունը դնում է համակարգային վերափոխումների խնդիր, այստեղ առաջանում է նաեւ համակարգում եւ համակարգի հետ ռուսական կորպորացիաների հարաբերության կերպը, բովանդակությունն ու կանոնակարգը վերափոխելու հարց:
Եթե ստվերային եւ կոռուպցիոն մխանիզմներից դուրս է բերվում համակարգը, կամ դրանք են դուրս բերվում համակարգից, ապա այդ գործընթացը անխուսափելի առնչվելու է նաեւ դրանցում սերտորեն ներգրավված հսկաներին, որոնք զբաղեցրել են Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի համար առանցքային ոլորտներ եւ շուկաներ՝ էներգետիկա, վառելիք:Ընդ որում, այդ խնդիրը տարիներ շարունակ դիտարկվել է հայ-ռուսական քաղաքական, միջպետական հարաբերության տիրույթում, դրանով իսկ պաշտպանելով համակարգի ներկոռուպցիոն բնույթն ու հարաբերությունները: Խոսքն անշուշտ ռուսական պետական հսկաների մասին է, սակայն խոշոր հաշվով հայ-ռուսական հարաբերությունը Հայաստանում այդ հսկաների խաղի կանոնների առողջացումից ոչ միայն չի տուժի, այլ միայն ու միայն կշահի»։
Մանրամասները՝ այստեղ։
