Ոստիկանությունը՝ Դվին համայնքում զանգվածային ձերբակալությունների մասին
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաստատում է, որ Դվին համայնքում ձերբակալություններ են իրականացվել։ «Փաստինֆո»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արարատի մարզի Արևշատ համայնքի մի քանի բնակիչներ։ Նույն վարույթի շրջանակում այս պահին ձերբակալվում են նաև դեպքի հետ առնչություն ունեցող անձինք Վերին Դվին համայնքից։
Զանգվածային ձերբակալություննրի մասին ահազանգել էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զենֆիրա Միրզոևան՝ հապարակելով տեսանյութեր։
«Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։ Ինձ դիմել են Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչներ՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները ներխուժել են համայնք և իրականացնում են անօրինական ձերբակալություններ։ Բնակիչների խոսքով՝ իրավապահները խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներին և բացահայտ հայտարարում՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»։ Ըստ բնակիչների՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- գրել էր պատգամավորը։
