Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլը դատարան էր եկել «թափթփուկների մի ողջ ոհմակով» (Video)
1in.am-ը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց անցած տարի Նոր Նորքում ծեծլու միջոցով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործի քննությունը:
Գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալներ Գևորգ Սարգսյանը՝ հայտնի Ջունգլ մականունով, և Սարգիս Ղուկասյանը դատարան էին ներկայացել աջակիցների մեծ բանակով, ովքեր ցուցաբերում էին ակնհայտ լկտի պահվածք: Մինչ նիստի սկսվելը լիաթոք կատակում էին, ծիծաղում:
Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրյալները ազատության մեջ են, քանի որ «կաշառել են իրավապահ մարմիններին»: «Ասել եմ և պնդում եմ, որ այստեղ կոռուպցիա կա: Ուրիշ ոչ մի հիմնավորում չկա, բացատրություն չկա: Ու այսօր դահլիճում նստած այդ թափթփուկների ոհմակը աջակցում է այդ հանցագործներին: Դրանք բոլորը նույնպես պոտենցիալ հանցագործներ են»,- ասաց Տիկին Մարիետան:
Դատական նիստի ընթացքում այսօր միայն ճշտվեց մեղադրյալների անձը, և նիստը հետաձգվեց, քանի որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց ժամանակ տալ՝ ծանոթանալու մեղադրական եզրակացությանը, քանի որ գործի քննության ավարտից հետո մեղադրականը կողմին չէր ուղարկվել:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, և հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 29-ին:
